National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.11.2017
Նոյեմբերի 29-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 9

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին եւ ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի ընդունմամբ պետական իշխանության բոլոր մարմիններում ներդրվել է վարձատրության միասնական համակարգ: Համակարգով ամբողջությամբ կանոնակարգվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի սահմանման, սոցիալ աշխատանքային հիմնական երաշխիքների տրամադրման, ինչպես նաեւ բազային աշխատավարձի որոշման մեխանիզմները: Օրենքի գործողության ընթացքում արձանագրվել են հարցեր, որոնց լուծումը պահանջում է որոշ դրույթների առավել հստակեցում: Ըստ հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանի՝ փաթեթի ընդունմամբ ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում:

Օրենքների նախագծերի փաթեթին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ առաջիկա նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպատակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական նպատակների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները, որոնց հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկվող լրացումների նպատակը զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրումն է:

Նախագիծը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արգամ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը քննարկման է ներկայացրել իր եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը ՀՀ ձեռնարկատիրական միջավայրի բարելավումն է: Մասնավորապես, նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատել ներկրվող շուրջ 4 հումքային ապրանքատեսակ, որոնցից են մեքենաների, սարքավորումների եւ հումքային ապրանքների ներմուծումը: Նախագծի ընդունումը կնպաստի կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը, դրանց ֆինանսական բեռի թեթեւացմանը: Ներկայացված նախագծին հանձնաժողովականները տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստում մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ կառավարության հեղինակած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկած էին ՀՀ ԱԺ եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հարցը եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթացը սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 9-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ գումարելու հարցին: Արտագնա նիստը կանցկացվի Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ:

«ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին միանալու հետեւանքով Հայաստանում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում: Ըստ նրա՝ հանրապետությունում թանկանում են առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման շուրջ 900 ապրանքներ, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը: Բացի այդ, ըստ հիմնական զեկուցողի, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սահմանափակում է Վրաստանի ու Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը:

Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց մեր երկրի քաղաքական օրակարգում գոյություն չունի, հետեւաբար՝ ԱԺ նման հայտարարության նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա:

ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկության արդյունքում դրական եզրակացություն չի ստացել:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am